Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հիմնականում կալանավորված են միայն ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` քաղաքական գործիչները»

«Հիմնականում կալանավորված են միայն ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` քաղաքական գործիչները»
04.07.2008 | 00:00

«ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՏԵՍԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼ»

ԵԽԽՎ վերջին բանաձևի, մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության հեռանկարների և հրատապ այլ խնդիրների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Պարոն Հարությունյան, վերջին ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ դժգոհություն հայտնեց ԵԽԽՎ վերջին՝ 1620 բանաձևի կապակցությամբ։ Նա հայտարարեց, որ 1609 բանաձևի համեմատ այստեղ շատ են վերացական ձևակերպումները, ինչը հնարավորություն կտա իշխանություններին խուսանավել, իրականում չկատարել որևէ պարտավորություն, իսկ հանրագումարում էլ խուսափել հնարավոր պատժամիջոցներից։ Ձեր կարծիքը բանաձևի կապակցությամբ։
-Ես չեմ համարում, որ հունիսի 25-ին ԵԽԽՎ-ի ընդունած 1620 բանաձևում չկան կոնկրետ պահանջներ։ Այդ պահանջները կան, դրանք ամրագրված են ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության հետ կապված, այնպես էլ այլ ուղղություններով։ Այսինքն, իշխանություններն ունեն կոնկրետ անելիքներ բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ, հնարավոր չէ դրանք անտեսել և հետո խնդիրներ չունենալ։
-Ձեր տպավորությամբ, եթե ԵԽԽՎ-ն ընդուներ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում, քաղաքական կալանավորները, եթե այդպիսիք կան, ազատ կարձակվեի՞ն։
-Չեմ կարծում, թե տվյալ պարագայում գուշակություն անելն իմ կողմից ճիշտ կլինի։ Կարծում եմ ԵԽԽՎ-ն հավասարակշռված դիրքորոշում դրսևորեց` Հայաստանի նկատմամբ՝ չկիրառելով կոշտ սանկցիաներ, բայց 1620 բանաձևով ամրագրելով հստակ պահանջներ և դրանց իրագործման ժամանակ տալով։ Ինչ վերաբերում է Ձեր բնորոշմամբ՝ քաղկալանավորներին, ապա ես, իհարկե, կցանկանայի, որ քաղաքական շարժառիթներով կալանքի ենթարկված մարդկանց բաց թողնեին։
-Իսկ Ձեզ համար, իբրև մարդու իրավունքների պաշտպանի, այդպիսի հստակ բաժանում կա՞, թե ովքեր են քաղաքական շարժառիթներով կալանվել և ովքեր՝ քրեական հանցանքներ կատարել։
-Ցավոք, մենք այսօր հնարավորություն չունենք պրոֆեսիոնալ առումով գնահատելու յուրաքանչյուր քրեական գործ և դրան համարժեք գնահատական տալու։ Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա գրասենյակը չունեն հնարավորություն և լիազորություններ միջամտելու նախաքննությանը։ Որևէ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է գաղտնի, ըստ այդմ, մեր ձեռքի տակ չկան նյութեր կամ բավարար հավաստի տեղեկատվություն յուրաքանչյուր կալանավորված անձի կալանքի ենթարկվելու շարժառիթների վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով մենք այդպիսի հստակ բաժանում չենք անցկացրել, թեպետ, իմ անձնական կարծիքով, կալանքի ենթարկված անձանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը նախընտրական և հետընտրական զարգացումներում քաղաքական է եղել։ Այնուամենայնիվ, փաստ է, որ հիմնականում կալանավորված են միայն ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ քաղաքական գործիչներ։ Այս հանգամանքը, փաստորեն, հանգեցրել է նրան, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կառույցներում որոշակի կասկածներ են առաջացել, թե Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդում կա։ Որքանո՞վ դա կհաստատվի դատարաններում, արդեն հետագա ընթացքը և դատավարությունները ցույց կտան։
-Մարտի 1-ի իրադարձություններից հետո Դուք հանդես եկաք զեկույցով, որը դատախազության և արդարադատության նախարարության կողմից խիստ բացասական արձագանքի արժանացավ. Ձեզ մեղադրեցին լիազորությունների գերազանցման և կողմնակալության մեջ։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ հակադրությունն առ այսօր շարունակվում է։
-Բերեմ կոնկրետ օրինակ. ԵԽԽՎ բանաձևի կետերից մեկում նշվում է, որ առանց լրացուցիչ ապացույցների, միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա ձերբակալություններ իրականացնելն ընդունելի չէ։ Նույնը ընդունելի չէ ինձ համար։ Միգուցե օրենքի տառի տեսակետից դա իրագործելի է, բայց ճիշտ չէ թեկուզ այնքանով, որ երբ լրացուցիչ հանգամանքների բացակայության պայմաններում բացառապես երկու ոստիկանի ցուցմունքի վրա ձերբակալություն է իրականացվում, դա արդեն ինքնին կասկածներ է հարուցում։ Վերցնենք առանձին քրեական գործերի ընթացքը։ Ես վերջերս հանդիպեցի կալանքի տակ գտնվող պատգամավորների հետ։ Եվ նրանք ընդամենը մի բան էին խնդրում։ Չէին պահանջում, որ իրենց ազատ արձակեն, այլ որ կազմված գործերն արագ ուղարկեն դատարան։ Այսինքն՝ իրենք համոզված են, որ դատարանում կպարզվի մեղադրանքի չհիմնավորվածությունը։
- Այսինքն, դատախազությունը դիտավորյա՞լ է ձգձգում գործերը դատարան ուղարկելը։
-Իրենք այդպես են մեկնաբանում։ Հասկանալի է, որ դատախազությունը միշտ էլ կարող է հարյուրավոր հիմնավորումներ բերել։ Բայց միաժամանակ մարդիկ պնդում են, որ իրենք արդեն չորս ամիս կալանքի տակ են, երկու ամսով էլ կալանքը երկարացվել է, և ցանկալի է, որ դատավարությունն արագ տեղի ունենա, և կարողանան դատարանում արդարանալ։ Սա, կարծում եմ, նորմալ պահանջ է։
-Մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով եղավ տասը զոհ։ Սակայն ընդդիմությունն այսօր պնդում է, որ հարյուրից ավելի ձերբակալված ընդդիմադիրներից ոչ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք չի առաջադրվել։
-Իսկապես, զենքի կիրառման մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։ Նաև պարզվել է, որ խանութների թալանի կապակցությամբ ձերբակալվածների մեծ մասը ցուցարարների հետ կապ չունի։ Ես համամիտ եմ, որ նման անուղղակի հանգամանքները ոչ միայն եղած հարցերի լուծմանը չեն նպաստում, այլև խորացնում են կասկածները այն կապակցությամբ, թե արդյոք դեպքերի բացահայտման գործընթացն այն ճանապարհո՞վ է գնում, որի վերջնական հանգրվանում կուտակված լարվածությունը կլիցքաթափվի, և հասարակությունը կհամոզվի իրավապահ մարմինների և դատարանների որոշումների արդարության մեջ։ -Ըստ Ձեզ, այս իրավիճակի հանգուցալուծումը ո՞րն է։
-Մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է դառնալ հանգուցալուծման միջոց, եթե մանրամասն և համոզիչ հետաքննություն հաջողվի իրականացնել։
-Հանձնաժողովի առաջին նիստից Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, քանի որ Դուք էլ ընդգրկված եք այդ հանձնաժողովում։ -Առաջին նիստում, ինչպես և լինում է նման դեպքերում, քննարկվեցին կազմակերպչական և տեխնիկական խնդիրները։ Մի քիչ պետք է սպասել, մինչև վերջնականապես ձևավորվի հանձնաժողովի կանոնակարգը, աշխատանքները մտնեն նորմալ ընթացքի մեջ։
-Նախօրեին նշել էիք, որ ճիշտ կլինի կանոնակարգով սահմանել կոնսենսուսային որոշումների կայացման մեխանիզմ։
-Հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման ժամանակ մոտավորապես հենց այդ մոտեցումն էլ որդեգրվեց։ Բայց մենք միաժամանակ պայմանավորվել ենք, որ մանրամասն ուսումնասիրվի ԵԽԽՎ 1620 բանաձևը։ Այսինքն՝ տեսնենք, թե բանաձևի որ կետերն են նպատակահարմար հանձնաժողովի գործունեության կանոնադրության մեջ ընդգրկելու համար։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործառույթներն իբրև մարդու իրավունքների պաշտպան այդ հանձնաժողովում։
-Իմ զեկույցից հետո առաջացած և առհասարակ կուտակված տարբեր հարցերի բարձրացում, դրանց պարզաբանման և լուծումների համար քայլերի ձեռնարկում։ Ավելի կոնկրետ ցույց կտա աշխատանքի ընթացքը։
-Մինչդեռ այդ հանձնաժողովի գործունեության հետ կապված` արդեն իսկ վերապահումներ արտահայտվում են։ Մասնավորապես այն առումով, որ նման մարմինների գործունեությունը, որպես կանոն, արդյունավետ ավարտ չի ունենում, նաև պետական մարմինների կողմից իրականացվող սաբոտաժի արդյունքում։ Ասենք, տարբեր պետական կառույցներ անհրաժեշտ փաստաթղթերը չեն տրամադրում, կարևոր պաշտոնյաները չեն գալիս հանձնաժողով առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան բացատրություններ տալու։ Վերջնահաշվում աշխատանքը ճահճանում է և դառնում անիմաստ։
-Համոզված չեմ, որ նման դեպքում այդպես կլինի։ Նկատի ունենանք, որ հասարակական հետաքրքրությունը մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված շատ մեծ է։ Եվ եթե, ասենք, որևէ պաշտոնյայի հանձնաժողովը հրավիրի, և նա հրաժարվի ներկայանալուց, միայն այդ հանգամանքից արդեն կարելի կլինի որոշակի հետևություններ անել։ Ընդհանրապես ժամանակավոր հանձնաժողովների գործունեության հետ կապված` հասարակական անվստահությունը գալիս է նրանից, որ մինչև այժմ ստեղծված նման մարմինները մեծ մասամբ դրական արդյունքի չեն հասել։ Այսինքն՝ չկա դրական փորձ։ Բայց միաժամանակ ես կարծում եմ, որ շատ սխալ կլինի այսօրվանից արդեն կանխակալ վերաբերմունք ձևավորել այս հանձնաժողովի նկատմամբ։ Աշխատանքային ընթացքը ցույց կտա, թե ինչ արդյունքների կհանգենք, և ըստ այդմ էլ հնարավորություն կլինի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական դատողություններ անել։
-Ձեզ համար ամենակարևոր ու հրատապ հարցն այս փուլում, որի լուծումը կուզենայիք տեսնել։
-Ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը ռեալ առումով դառնար իրավական պետություն։

Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6220

Մեկնաբանություններ